top of page
Ալեքսանդր Ավանեսով

«Եվրոպական ժառանգության օրերն» այս տարի կմեկնարկեն Վայոց ձորի մարզում

«Եվրոպական ժառանգության օրեր» միջոցառումներն այս տարի կանցկացվեն սեպտեմբերի 14-15-ը՝ «Ճանապարհներ, ցանցեր, կապեր» խորագրի ներքո: Միջոցառումներին այս տարի ևս միացել է Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության։

 

ԿԳՄՍՆ հաղորդագրության համաձայն երկու օրվա ընթացքում ավելի քան 100 մշակութային կազմակերպություններ իրենց հարկի տակ կհյուրընկալեն այցելուներին, կկազմակերպվեն օրվա խորհրդին համահունչ բազմաթիվ մշակու­թային միջոցառումներ, դասական և հայկական ժողովրդական համերգներ, տեսաֆիլմերի ցուցադրություններ, քայլարշավներ, գրական-երաժշտական ցերեկույթներ, կրթական, ինտերակտիվ ծրագրեր, հանդիպում-քննարկումներ, դասախոսություններ, մրցույթներ, վարպետաց դասեր և այլն:

 

Հայաստանում միջոցառման պաշտոնական բացումը կմեկնարկի Վայոց ձորի մարզի Արենի գյուղի «Արենի Վայն» գինեգործարանից՝ Արհեստների միջազգային 3-րդ փառատոնի շրջանակում:

 

«Եվրոպական ժառանգության օրեր» միջոցառումները յուրաքանչյուր տարի անցկացվում են Եվրոպական մշակութային կոնվենցիային (1954 թ.) միացած 50 եվրոպական երկրներում: Ծրագրի իրականացման մտահղացումը 1984 թվականին ծագել է Ֆրանսիայում՝ «Պատմական հուշարձանների բաց դռների օր» խորագրի ներքո:

 

«Եվրոպական ժառանգու­թյան օրեր» ծրագիրը պաշտոնապես հաստատվել է Եվրոպայի խորհրդի կողմից 1991 թվականին: 1999 թվականին ծրագրին միացել է նաև Եվրամիությունը, և նախաձեռ­նու­թյունը սկսել է իրականացվել «Եվրոպա. միասնական ժառանգություն» կարգախոսի ներքո: Տարեկան ավելի քան 70.000 մշակութային միջոցառում է իրականացվում ողջ Եվրոպայում՝ բարձրացնելու հասարակության տեղեկացվածությունը Եվրոպական ժառանգության վերաբերյալ, ընդգծելու դրա բացառիկության և բազմազանության, շարունակական պահպանության կարևորությունը:

Comments


bottom of page