Հայաստանի կառավարությունն այսօրվա նիստում սահմանել էկոպարեկային ծառայողի հատուկ ուսուցման ծրագիրը և ստուգումներ անցկացնելու կարգը:
Ինչպես ասվում է կառավարության հաղորդագրությունում, ըստ այդմ, հատուկ ուսուցումը ներառում է տեսական և գործնական մաս, որի ժամկետը 5 աշխատանքային օր է։ Հատուկ ուսուցումն իրականացվում է ուսումնական հաստատությունում՝ ծառայողի՝ իր վերջին անցած հատուկ ուսուցումից հետո յուրաքանչյուր 3 տարին մեկ անգամ՝ կրակային, ֆիզիկական և տեխնիկական պատրաստականությանը վերաբերող հմտությունների շարունակական զարգացման և կատարելագործման նպատակով: Ծառայության պաշտոն առաջին անգամ զբաղեցնող ծառայողները հատուկ ուսուցումն անցնում են պաշտոնի նշանակվելուց անմիջապես հետո։ Հատուկ ուսուցման ստուգարքի գնահատականը ձևավորվում է թեստավորման, ֆիզիկական և կրակային պատրաստվածության առաջադրանքների արդյունքներով: Գնահատականը համարվում է դրական, եթե ծառայողը թեստային առաջադրանքների 15 հնարավորից 10 և ավելի միավոր է հավաքել, ինչպես նաև հանձնել է Շրջակա միջավայրի նախարարի կողմից հաստատած նորմատիվներին համապատասխան ֆիզիկական վարժությունները և կրակային վարժաձևերը:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա նոյեմբերի վերջին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց "Էկոլոգիական ծառայության մասին" օրենքի նախագիծը: Ինչպես այն ժամանակ նշում էր ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, նոր ծառայության աշխատակիցները զբաղվելու են բնական ռեսուրսների մոնիթորինգով և պաշտպանությամբ ։ Առաջարկվող փոփոխությունների առանցքային ասպեկտներից մեկը անտառների և ազգային պարկերի շուրջօրյա պահպանության ապահովումն է: Երկրի էկոհամակարգերի նկատմամբ վերահսկողության և դիտարկման խստացման հրատապ անհրաժեշտություն կա: Առաջարկվում է Անտառտնտեսության կոմիտեն փոխարինել Շրջակա միջավայրի պահպանության ծառայությամբ, ինչպես նաև առանձնացնել ազգային պարկերի պահպանության գործառույթները ՝ դրանք առանձնացնելով "Հայանտառ"ՊՈԱԿ-ից: Նոր ծառայության աշխատակիցներին իրավունք կտրվի գրանցել իրավախախտումները, հարուցել քրեական գործեր, գնահատել շրջակա միջավայրին հասցված վնասը և բնապահպանական նորմերի խախտման դեպքում կիրառել տուգանքներ: Կրիտիկական իրավիճակներում ծառայության աշխատակիցները կկարողանան կիրառել ֆիզիկական ուժ և զենք: ՀՀ կառավարությունն իր որոշմամբ կսահմանի տվյալ ծառայության ֆինանսավորման աղբյուրները և դրա հագեցվածությունը: Առաջարկի համաձայն ՝ նոր ծառայությունը կունենա 1176 աշխատակից և կհամալրվի ժամանակակից տեխնոլոգիական միջոցներով՝ շրջակա միջավայրի վիճակի արդյունավետ վերահսկողության համար: Ենթադրվում է, որ այդ ծառայության ստեղծումը կավարտվի 2024 թվականի վերջին։
Comments