top of page
Ալեքսանդր Ավանեսով

Քնարիկ Հովհաննիսյան. Հայաստանի ջրային քաղաքականությունն անմխիթար վիճակում է

Ջրային ռեսուրսների համաշխարհային օրն ընդունված է նշել մարտի 22-ին։ Հայաստանում դա հատուկ օր է՝ իսկական տոն ոչ կառավարական կազմակերպությունների համար, որոնք Ջրի օրվան ընդառաջ իրենց դոնորներից ստանում են զգալի դրամաշնորհներ բազմաթիվ միջոցառումներ կազմակերպելու համար՝ կոնֆերանսներ, կլոր սեղաններ և այլն: Ընդ որում, ինչպես ցույց է տալիս այդ միջոցառումներին ներկա լինելու փորձը, քչերն են դրանց ընթացքում որոշակի հարցեր բարձրացնում, պատասխաններ փնտրում, պահանջներ ներկայացնում կառավարությանը: Նրանք, ովքեր երաժշտություն են պատվիրում, ըստ երևույթին, դա անում են "ծախսերի նախահաշվի" "նշում"-ի համար, և՝ ոչ ավելին: ԱրմԻնֆո-ն որոշեց չհետևել "նորաձևությանը" և ամռան տապին ընդառաջ դիմեց ջրի հարցերի ճանաչված մասնագետ, գիտնական Քնարիկ Հովհաննիսյանին, ով տարիներ, նույնիսկ, տասնամյակներ շարունակ իրեն նվիրել է երկրի ջրի և ջրային ռեսուրսների էկոլոգիայի խնդրին' խնդրելով նրան հակիրճ ներկայացնել ջրային խնդիրների վերաբերյալ իր տեսլականը:

 

- Քնարիկ Արշավիրի, դեռևս 2021 թվականին կառավարությունը հայտարարում էր 5 տարվա ընթացքում 15 ջրամբար կառուցելու մտադրության մասին ՝ պայմանավորված կլիմայական պայմանների փոփոխությամբ։ Որքանո՞վ եք իրատեսական համարում նման ծրագրերը, և արդյո՞ք կա նման քանակությամբ ջրամբարների անհրաժեշտություն:

 

- Սկսեմ Ձեր հարցի վերջից։ Այո, դրա անհրաժեշտությունը մեծ է։ Դա թույլ կտա բազմապատկել երկրի ջրային ռեսուրսների օգտագործումը, հատկապես՝ գյուղատնտեսության զարգացման համար։ Ընդհանուր առմամբ, ասեմ, որ կլիմայի գլոբալ տաքացման գործընթացը շատ խոցելի է մեր երկրի գետային հոսքի համար, սպառնում է դրա նվազմամբ՝ տարեկան ծավալի տեսանկյունից։ Ուստի, հանրապետության տարածքում հոսքի կուտակման և պահպանման հարցը միանգամայն արդիական է, և չի կարելի այն հետաձգել։ Հետևաբար, մեզ համար շատ կարևոր է այժմ ջրամբարների լայն ցանցի կառուցման միջոցով լուծել լեռնային գետերի հոսքը կարգավորելու հնարավորությունների հարցը' ողջ վեգետացիոն շրջանում ոռոգման նպատակով հետագա օգտագործման համար:

 

Սակայն մեր երկրում, որը նախկինում հարուստ էր հիդրոտեխնիկական շինարարության մասնագետներով, վերջին տասնամյակների ընթացքում համապատասխան կադրերի մեծ պակաս է առաջացել։ Դրա համար էլ ես իրատեսական չեմ համարում 15 ջրամբարների կառուցումը՝ նման սեղմ ժամկետում։ Իմ տեղեկություններով՝ դրանց մեծ մասի համար պատրաստ չեն, նույնիսկ, աշխատանքային նախագծերը, դրանք, պարզապես, բացակայում են։ Էլ չեմ խոսում այն մասին, որ դրա համար անհրաժեշտ են զգալի ֆինանսական ռեսուրսներ։

 

Իհարկե, կլիմայի գլոբալ տաքացման պայմաններում ջրամբարների կառուցումը թույլ է տալիս բարելավել տեղանքի լոկալ կլիմայական պայմանները, այդ թվում՝ ստեղծել հանգստի գոտիներ:

 

Լսել եմ, որ ոռոգման 6 նոր ջրամբարների նախագծերը պետք է պատրաստ լինեին։ Համենայնդեպս, այդ մասին հայտարարել են կառավարությունում։ Արդյոք մրցույթներ են անցկացվել այդ ջրամբարների համար, եւ արդյոք դրանց վերաբերյալ ինչ-որ տեղաշարժ կա, ես տեղյակ չեմ։ Բայց կասեմ, որ կառավարությունում էլ շատ լավ հասկանում են, որ կադրերի պակաս կա ։ Այնպես որ, կարծում եմ, հայտարարված ժամկետներն անիրատեսական են, իսկ ցանկությունները, ցավոք, ոչ մի կերպ չեն համընկնում հնարավորությունների հետ։

 

- Այո, դուք իրավացի եք, կան նախագծեր, որոնք մեկնարկել են 10, նույնիսկ, 15 տարի առաջ, բայց դրանք էլ մինչ օրս չեն իրականացվել: Օրինակ՝ նույն Կապսը:

 

- Կան ջրամբարներին առնչվող հետաքրքիր նախագծեր՝ և Կապս, և Սելավ-Մաստարա։ Սակայն մենք չունենք ոչ մասնագետներ, ինչպես արդեն ասացի, ոչ էլ անհրաժեշտ արտադրական, շինարարական հզորություններ, իսկ ցանկացած, նույնիսկ, մանր հարցեր լուծվում են ամիսներով, նույնիսկ՝ տարիներով։ Դոնորների հետ աշխատելիս շատ բան պետք է անընդհատ վերանայվի, փոխվում են նախահաշիվները՝ ազգային արժույթի ամրապնդման, գնաճի պատճառով... Մի խոսքով՝ հստակությունը քիչ է։

 

Լավ է, որ ներկայումս ավարտվել է առաջին "երկար կառուցվող"  Վեդու ջրամբարի շինարարությունը, բայց, իմ տեղեկություններով, այն դեռ շահագործման չի հանձնվել։ Բայց կա մտադրություն այն գոնե 30 տոկոսով լցնել, և վարելահողերի մի մասը, այնուամենայնիվ, ապահովել ոռոգման ջրով։

 

- Ինչպե՞ս է իրավիճակը երկրում գործող ջրամբարների լցվածության առնչությամբ: Մի երկու տարի առաջ Ձեզ հետ մեր վերջին զրույցի ժամանակ Դուք խոսում էիք այն մասին, որ Հայաստանի ջրամբարների մեծ մասը պատշաճ կերպով չի լցվում, քանի որ դրանց տեխնիկական վիճակն անմխիթար է։ Մի քանի տարվա ընթացքում իրավիճակը  փոխվե՞լ է: Եվ այս առումով հետաքրքիր է,  արդյո՞ք երկխոսություն է հաստատվել փորձագիտական հանրության և համապատասխան պետական գերատեսչության միջև։ 

 

- Այժմ նախորդ տարիների համեմատ բավականին բարենպաստ իրավիճակ է ստեղծվում ՝ կապված առատ տեղումների հետ։ Ուստի ջրամբարների լցվելն ակնկալվում է բավարար մակարդակով։ Սակայն ջրամբարների շահագործման ընթացքում, իմ կարծիքով, շատ բան չի փոխվել, քանի որ տեխնիկական վիճակը ՝ ջրի կորուստը բուն ամբարտակից, ներքևից և կողքերից, թույլ չի տալիս ջուրը պահել պատշաճ մակարդակի վրա: Նման իրավիճակում ջրամբարներից մեծ արտահոսքերն անխուսափելի են ։ Փորձագիտական հանրությունը բազմիցս բարձրացրել է այս հարցը։ Այստեղ, իհարկե, անհրաաաժեշտ են ներդրումներ, պետք է կատարել որոշակի վերականգնողական աշխատանքներ, որոնք, ինչպես նոր ջրամբարների կառուցման հարցում, շատ դանդաղ են ընթանում։

 

- Վերջերս կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ոռոգման համակարգը մեր երկրում մեռած է, քանի որ չի կարող իրեն վերարտադրել։

 

- Մեր երկրի ոռոգման համակարգն իսկապես անմխիթար վիճակում է, քանի որ վերջին տասնամյակների ընթացքում այն բավականին հնացել է: Այս իրավիճակը հանգեցնում է ջրային ռեսուրսների վիթխարի կորուստների։ Պաշտոնական տվյալներով՝ ոռոգման համակարգի վթարային վիճակի պատճառով դրանից արտահոսքերը կազմում են ավելի քան 60 տոկոս։

 

Կառավարությունը որոշել է լճակային ձկնաբուծական տնտեսությունների ջրաբաշխման 40 տոկոսը տեղափոխել շրջանառու ջրամատակարարում։ Դա թույլ կտա տնտեսել տարածքային ջրային ռեսուրսները և զգալիորեն նվազեցնել Արարատյան դաշտի արտեզյան ստորերկրյա ջրերի օգտագործումը։ Սա արդիական է այն առումով, որ ներկայում վերցված ջրի մակարդակը գերազանցում է թույլատրելի ծավալը, ինչը հանգեցրել է տարածաշրջանի ջրային էկոհամակարգի վերարտադրման ունակության կորստի։

 

- Վերջին մամլո ասուլիսում Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի ղեկավարը, խոսելով Սևանի մասին, ընդգծեց, որ 2024 թվականի ապրիլ-հունիս ամիսներին կանխատեսվում է լճի ջրի մակարդակի 33-38 սմ բարձրացում, ինչը վերջին երեք տարիների ընթացքում կլինի ամենաբարձր ցուցանիշը։ Որքանո՞վ են իրատեսական նման կանխատեսումները, և ի՞նչ է կատարվում այսօր Սևանի հետ, ինչպե՞ս է իրեն զգում Սևանի էկոհամակարգը: Ի՞նչ ռիսկեր կարող եք նշել այսօր:

 

- Սեւանա լճի կանխատեսվող բարձրացումը միանգամայն իրատեսական է՝ առատ տեղումների շնորհիվ։ Սակայն ես կասկածում եմ, որ դա էական ազդեցություն կունենա լճի ջրային էկոհամակարգի վիճակի վրա։ Ի վերջո՝ լիճն ընդունում է 28 վտակ, որոնք իրենց հետ բերում են կեղտաջրեր լճի ողջ ջրհավաք ավազանից։ Դրանք կոմունալ չմաքրվող արտահոսքեր են, դրանք ոռոգվող գյուղատնտեսական հողերից վերադարձվող ջրեր են, որոնք բերում են պարարտանյութերում պարունակվող տարբեր քիմիական նյութեր, դրանք լճի շուրջ ափի երկայնքով ավելի քան 400 հանգստի օբյեկտների կեղտաջրեր են և այլն: Լճի էկոհամակարգի ծանրաբեռնվածությունն ամենևին չի նվազել, ուստի, իմ կարծիքով, Սևանի ամառային ծաղկումից չենք խուսափի նաև այս տարի:

 

Որոշ հույս է ներշնչում լճում խեցգետինների հայտնվելու փաստը, որոնք ամբողջովին անհետացել էին ձկների որոշ տեսակների հետ միասին, ինչպիսիք են կողակը և ծածանը, որոնք լճի ջրի համար գերազանց սանիտարներ են: Բայց անվերահսկելի որսագողությունը շարունակվում է և կարող է մեծապես վնասել խեցգետնի բազմացմանը:

 

Երեք ափամերձ քաղաքներում կառուցված կեղտաջրերի մաքրման շինություններն իրականացնում են, ընդամենը, կեղտաջրերի մեխանիկական մաքրում: Դա բավարար չէ ջրի լիարժեք մաքրման համար, քանի որ անհրաժեշտ է կեղտաջրերի կենսաքիմիական մաքրման կայանների կառուցում:

 

- Դուք ծանոթ եք Հայաստանի խոշորագույն լեռնահանքային ձեռնարկությունում՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում (ԶՊՄԿ) տիրող բնապահպանական իրավիճակին: Կոմբինատում վաղուց են մտածում ջրի օգտագործման փակ ցիկլ ստեղծելու մասին։ Թե երբ դա կարվի՝ առայժմ պարզ չէ ։ Ինչպիսի՞ն է իրավիճակն այսօր:

 

- 2023թ. նոյեմբերին ԶՊՄԿ-ի ղեկավարության կողմից կազմակերպվեց փորձագետների խմբի երկօրյա այց ՝ գործարանում առկա իրավիճակին ծանոթանալու նպատակով: Կոմբինատի ղեկավարությունը բավարար ուշադրություն է դարձնում աշխատակիցների սոցիալական խնդիրներին, անվտանգության տեխնիկային, մարդկանց առողջությանը։ Մշակվել են մի շարք սոցիալական ծրագրեր՝ առողջարարական, մարզական, ֆինանսական և այլն:

 

- Ուրախալի էր տեսնել նաև արտադրական տարածքների բնապահպանական հարցերով մտահոգությունը։ Կան հատուկ կայանքներ օդը խոնավացնելու, հանքաքարի արդյունահանման գործընթացում առաջացած փոշին տեղավորելու համար։ Ինչ վերաբերում է արտադրությունում օգտագործվող ջրի խնդրին, ապա ներկայում ձեռնարկության տեխնոլոգիական կարիքների համար իրականացվում է ջրառ Ողջի գետից: Թափոնաջրերն ուղղվում են Արծվանիկի պոչամբար, որտեղ կոմբինատի հոսքերը նստվածքարկվում են, որից հետո խողովակաշարի միջոցով հասնում են Ողջի գետի Նորաշենիկ վտակ, ուր թափվում է շուրջ 1.5 խմ/վրկ՝ ըստ կոմբինատի մասնագետների: Գործարանի ղեկավարությունը մտադիր է 2024 թվականին Արծվանիկի պոչամբարի վերադարձվող ջրերի կրկնակի օգտագործման հաշվին 40% - ով կրճատել Ողջի գետից վերցվող ջրի քանակը (ջրառը) ՝ ներդնելով շրջանառու ջրամատակարարման համակարգ: Մտադրություններ կան հետագայում այդ մեծությունը հասցնել 100 տոկոսի։ Այդ ժամանակ ջրաշրջանառության համակարգի ներդրման շնորհիվ Ողջի գետից ջրառը, գործնականում, նվազագույնի կհասցվի՝ կազմելով դոտացիայի ծավալը գոլորշիացման, արտահոսքի և այլնի հաշվին: Դա թույլ կտա բարելավել Ողջի գետի ջրային ավազանի էկոլոգիական վիճակը հանրապետության սահմաններում: Սա թեև ծախսատար, բայց շատ կարևոր ծրագիր է, որի նպատակն է նվազեցնել ջրային էկոհամակարգի ծանրաբեռնվածությունը ծանր մետաղներով, որոնք այսօր էապես փոխում են ջրային ռեսուրսների բնութագիրը՝ դեպի վատը: Հուսով եմ, որ ԶՊՄԿ-ի ղեկավարությունը հետևողական կլինի այս հարցում և չի ձգձգի այդքան կարևոր նախագծի իրականացումը:

Comentarios


bottom of page